ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք: ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն չկատարելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար: Փետրվարի 14-ին Կարեն Աշոտի Սիմոնյանը ձերբակալվել է: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:





