AM
15 Փետրվար 2013 - 14:08 AMT

Հայկական պատվիրակությունն առաջարկել է «Եվրանեսթի» ԽՎ հաջորդ զեկույցում անդրադառնալ քաղավիացիայի հիմնախնդիրներին

Արևելյան գործընկերության «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինևում կայացած «Եվրանեսթի» ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքները: Քննարկվել է «Արևելյան գործընկեր երկրների տնտեսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրությանը» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ Մհեր Շահգելդյանը ներկայացրել է առաջարկներ: Նա տեղեկացրեց, որ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում. այն վերջնականապես կներկայացվի լիագումար նիստի ընթացքում: Ըստ հայկական պատվիրակության անդամի՝ քննարկումների ժամանակ բարձր են գնահատվել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության և Եվրոպական հաձնաժողովի բանակցությունների գործընթացում Հայաստանի արձանագրած առաջընթացը և հաջողությունները: Նշվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել նաև գործարար ոլորտում: Հայկական պատվիրակության կողմից առաջարկ է եղել, որ հաջորդ զեկույցը վերաբերի քաղավիացիայի հիմնախնդիրներին: Քննարկումների ընթացքում որոշվել է, որ այն վերաբերի ընդհանրապես կոմունիակացիաներին և տրանսպորտին: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալու որպես համազեկուցող: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Բացի ընդհանուր նիստից, տեղի են ունեցել նաև այլ քննարկումներ տարբեր երկրների գործընկերների հետ, անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին: