«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ Երևանի երթուղային տաքսիների գծատերերը հավաքել են երթուղիներում աշխատող վարորդներին և առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր: Փոխարենը` վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին, մեկ օրով, ազատել գծատերերին տրվող օրավարձից: Թերթը գրել էր, որ այս մասին իրենց պատմել է թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկը: «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս լուրերն ու ասաց, որ այդ օրը երթուղայիններն աշխատելու են այնպես , ինչպես նախկինում.«Պարզապես ոչ աշխատանքային օրերին միշտ մեքենաքանակը նվազում է, այդ օրն էլ մեքենաները կլինեն քիչ, բայց կաշխատեն այնպես, ինչպես նախկինում են աշխատել: Թերթում տպագրվածը ես էլ եմ կարդացել և վստահ կարող եմ ասել, որ բամբասանքի մակարդակի մի բան է, նման բան լինել չի կարող»,-ասաց նա:





