Քաղաքացիական հասարակության ինտիտուտից հայտնում են, որ 10։35 -ին Երևանի 9/15 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը: Քվեարկության օրը քարոզչություն իրականացնելը վարչական խախտում է և, եթե այն կատարվում է ընտրատեղամասում, պատժվում է տուգանքով 400-600 հազար դրամի չափով:
Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը Մեդիա Կենտրոնին պարզաբանել է, որ սա չի կարող դիտարկվել, որպես քարոզչություն. «Տվյալ դեպքում, սա կդիտարկվեր քարոզչություն, եթե հանձնաժողովի նախագահի գործողությունը ուղղված լիներ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելուն, օրինակ, եթե ինքը ոչ թե զինանշանն ունենար իր հագուստի վրա, այլ «Դեպի ապահով Հայաստան» մակագրությամբ պաստառը, սակայն զուտ զինանշանի առկայությունը դեռևս քարոզչություն չէ: Պետք է հաշվի առնել նաև, որ զինանշանը ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ կուսակցությանը»,- ասել է Գևորգ Հայրապետյանը:





