AM
16 Սեպտեմբեր 2005 - 06:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում անցկացվող «Ֆոկուս 2005. պատասխան գլոբալ մարտահրավերներին» միջազգային պայմանագրերին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ստորագրել է «Միջուկային ահաբեկչության վերացման մասին» միջազգային կոնվենցիան: Կոնվենցիայի մասնակից պետությունները, ըստ այդ փաստաթղթի` նկատի առնելով միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, պետությունների միջեւ բարիդրացիության հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանն առնչվող սկզբունքները, ճանաչելով զարգացման եւ ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման իրավունքները, ինչպես նաեւ խորապես անհագստացած լինելով ահաբեկչական գործողությունների աճով եւ ակտիվացմամբ` հանդիսավորապես հաստատել են, որ դատապարտում են հանցավոր եւ արդարացում չունեցող ահաբեկչության գործողությունները եւ դրա դրսեւորումները, այդ թվում նաեւ նրանք, որոնք վտանգում են պետությունների ու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ սպառնում պետությունների տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը: Կոնվենցիայում հստակեցված են «ռադիոակտիվ նյութ», «միջուկային նյութ» եւ այլ հասկացություններ, միաժամանակ նշված է, թե որոնք են ըստ կոնվենցիայի դատապարտելի հանցագործությունները, յուրաքանչյուր մասնակից-պետության կողմից իրականացվելիք այն միջոցառումները, որոնք կհամարվեն անհրաժեշտ ահաբեկչության դեմ պայքարում եւ այլն: