AM
18 Փետրվար 2013 - 11:19 AMT

Ոստիկանությունը պարզաբանում է ԶԼՄ-ներում շրջանառվող անճշտությունը

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդության 1 նրբանցք 1 շենքի բն. 40 հասցեի սեփականատեր Վալերի Հարությունյանը պարզել է, որ նշված հասցեում հաշվառված են իրեն անծանոթ` Գագիկ Վարդանի Վարդումյանը /ծնված 19.08.1957 թ./ և Հրայր Էդիկի Ավետյանը /ծնված 27.10.1957 թ./:

Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Գագիկ Վարդանի Վարդումյանը Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառված է դեռևս 17.06.1978թ-ից:

Բնակելի տարածության սեփականատերերի իրավունքների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որոնք հրապարակվել են նաև www.police.am կայքէջում:

Մասնավորապես` սեփականատերն իրավունք ունի գրավոր դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածությունում հաշվառված և սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:

Ինչ վերաբերում է Հրայր Էդիկի Ավետյանին /ծնված 27.10.1957 թ./, ապա վերջինս Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառվել է 29.08.2011 թ.-ին հենց հայտարարությունում նշված անձի` Վալերի Հարությունյանի գրավոր համաձայնության հիման վրա:

Հաշվառման հիմքերը գտնվում են Աբովյանի անձնագրային ծառայությունում, ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: