AM
16 Սեպտեմբեր 2005 - 06:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հ. Կրոները Հայաստանի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է կազմակերպությունը ու նրա գործունեությունը` նշելով, որ Միջազգային եվրոպական շարժումը տարածված շարժում լինելով Եվրոպայում` գտնվել է Եվրախորհրդի եւ Եվրամիության կազմավորման ակունքներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է շարժման գրասենյակը Հայաստանում բացելու հարցը, որի նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարության խորացմանը: Հ. Կրոները Հայաստանի Աժ խոսնակին առաջարկել է անդամակցել Միջազգային եվրոպական շարժմանը, որի շարքերում են Եվրոպայի բազմաթիվ բարձրաստիճան անձինք, ինչպիսին են` Խոսե Մանուել Բարոզզոն, Վալերի Ժիսկար դե Ստենը, Հելմուտ Քոլը եւ ուրիշներ: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հանրապետությունում Շարժման գրասենյակի բացմանը եւ հաջողություններ է մաղթել Հայաստանում հետագա գործունեության մեջ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու շուրջ, որը կարող է իրականանալ գրասենյակի հաջող աշխատանքի միջոցով: