Եթե միջազգային ու տեղական դիտորդներն այս պահին հետևում են ընտրությունների ընթացքին` ընտրախախտումներն արձանագրելու նպատակով, ապա «Ունիսոն» ՀԿ-ն դիտարկում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասեր հասնելու, քվեատուփին մոտենալու մատչելիությունը: Նախատեսած 200 ընտրատեղմասից «Ունիսոն»-ի 15 դիտորդներն այս պահին հասցրել են լինել 120-ում:
Կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «120 դիտարկված տեղամասերի տվյալներն արդեն մշակված են: Ըստ դրանց` հաշմանդամություն ունեցող անձանց համար լրիվ մատչելի է 31 տեղամաս, հիմնականում մատչելի, այսինքն` մեկ աստիճան կամ այլ փոքր խոչընդոտ կա, 42 տեղամաս: 23-ում հնարավոր չէ առհասարակ մոտենալ քվեխցին և փակ, գաղտնի քվեարկել: Շատ են ընտրատեղամասերը, որտեղ մի կերպ, կողքով կարող են մոտենալ, բայց գաղտնի հաստատ չեն կարողանա քվեարկել»:
Արմեն Ալավերդյանը նշեց, որ սայլակով տեղաշարժվողների համար շարժական թեքահարթակներ են տեղադրված, բայց դրանց մեծ մասն անպիտան են` ուղղակի դրված են աստիճանների վրա` շատ մեծ թեքությամբ, դրանցից օգտվելը վտանգավոր է:
«Վատ տեսնողների համար բոլոր դիտարկված տեղամասերում հատուկ ոսպնյակ եղել են:Կույրերի համար կաղապարներ ևս», – ասաց Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոնն» այս անգամ մարզերում դիտարկում չի անցկացնում, բայց Խորհրդարանակ ընտրությունների ժամանակ դիտարկել է Մեղրու տարածաշրջանը: «Ամբողջ տարածաշրջանում միայն 1 քիչ թե շատ մատչելի ընտրատեղամաս կար», – արձանագրած խոսուն տվյալը նշեց Արմեն Ալավերդյանը:





