Ժամը 14:30-ի դրությամբ դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, որոնք դասակարգվել են 3 խմբի`կենցաղային բնույթի, ընտրություններին առնչվող և հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ: Քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկանծուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, ինչպես նաև` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից:
Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել երկուսը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են և ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին: Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Այդ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար: Նույն օրն ահազանգ է ստացվել նաև մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 և 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:





