Փետրվարի 17-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով:
Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում, այնպես էլ մայր-հայրենիքում: Նրանք պարգևատրվել են մեդալներով, արժանացել դիպլոմների և դափնեկրի կոչման, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
Միասին համերգային ծրագրով ելույթը նորություն չէր այս զույգի համար: Դեռևս 2011 թվականի ապրիլի 23-ին Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը համատեղ մենահամերգով ելույթ ունեցան Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, որն անցավ մեծ հաջողությամբ:
Արձագանքելով սիրիահայերին օգնելու կոչին, Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը վճռեցին իրենց մասնակցությունը բերել բարեգործական ակցիային:
«Հայարտուն« մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգի ժամանակ հնչեցին ժողովրդական, հայրենասիրական և էստրադային երգեր, ռոկ կատարումներ, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվում էին բուռն ծափահարություններով: Երգերն ուղեկցվում էին «Ջեյրան» և «Անի» պարային համույթների նազելի պարերով:
Համերգի ժամանակ կատարվեց հանգանակություն: Ողջ նվիրատվությունը փոխանցվեց սիրիահայերի օգնությանը:





