Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդն այսօր 8/16 ընտրատեղամասում նկատել է, որ քվեարկողների գրանցամատյանում քվեարկել պատրաստվող ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է։
Նա դիմել է հանձնաժողովի նախագահին և պարզաբանում է պահանջել:
Իսկ ահա Կապանի 38/19 ընտրատեղամասում ժամը 11:00-12:00–ի սահմաններում գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։
Նույն տեղամասում ինչ–որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է հանձնաժողովին՝ ճշտելու նրա ով լինելը և պարզվել է, որ նա վստահված անձ չէ։
ՔՀԻ դիտորդն արձանագրել է նաև, որ տեղամասում ինչ–որ մեկը մարդկանց ուղղորդում է, «փորձում է օգնել»: Նա ներկայացել է որպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ։ Սակայն, երբ դիտորդը խնդրել է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, այդ անձը խուսափել է և հեռացել, տեղեկացնում է ՔՀԻ ։





