ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 16-ին հրապարակված ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ամփոփագրում նշվել էր Արաբկիր վարչական շրջանում ընտրակաշառք բաժանելու մասին:
Ըստ ամփոփագրի, նշված վարչական շրջանի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի կողմից ընտրակաշառք է բաժանվում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հարցում է ուղարկվել ՀՀ Նախագահի թեկնածու Հովհաննիսյանի նախընտրական շտաբ` հրապարակված տեղեկության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու համար:
Նախագահի թեկնածուի նախընտրական շտաբից տրված պատասխանի համաձայն` նշված տեղեկությունն ստացվել է նախընտրական շտաբում, սակայն կոնկրետ արձանագրված չէ ստացման եղանակը, ժամանակը, և տեղեկությունը հայտնած անձի տվյալները չունեն:
Անհայտ բնակչի ինքնությունը և տեղեկության հավաստիությունն ստուգելու ուղղությամբ ոստիկանության բաժնի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հնարավոր չի եղել պարզել տեղեկություն հայտնած անձի ինքնությունը, և Սարգսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք չի հայտնաբերվել:
Բացատրություն է տվել նաև Սարգսյանը` նշելով, որ երբևէ ընտրակաշառք չի բաժանել և հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախապատրաստված նյութերով Սարգսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք չի հայտնաբերվել:





