AM
19 Փետրվար 2013 - 08:57 AMT

Հոգեբան. Միակողմանի ծնողազուրկ երեխաներն ավելի ագրեսիվ են

Մանկապարտեզն ու դպրոցը չի կարելի դիտարկել որպես առանձին համակարգեր: Երեխայի դաստիարակաման և կայացման գործում մեծ է թե՛ ծնողի, թե՛ մանկապարտեզի, թե՛ դպրոցի ու շրջապատի դերը: Պետք է հասկանալ, թե որն է երեխայի ներքին խնդրի պատճառը: Ծնողը երեխային այլ կերպ է դաստիարակում, մանկապարտեզն` այլ, իսկ կյանքը բոլորովին այլ բան է ցույց տալիս:

«Մաշա-Մերի Պոպինս» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Չիթչյանի կարծիքն է, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի կարելի երեխաներին անընդհատ առանց հիմնավորման թույլ չտալ ինչ-որ բան անել: Յուրաքանչյուր տարիքում երեխան զարգանում և ձևավորվում է` հետևելով շրջապատի մարդկանց օրինակին, որոնք իրենց հերթին կարող են բացասական ազդել երեխայի վրա: «Երեխան ձևավորվում է ընտանիքում, նրա համար իդելական կերպար է ծնողը, հետո էլ դաստիարակի և ուսուցչի օրինակով է դաստիրակվում: Նրանք ունեն իրենց բացթողումները, որոնք անդրադառնում են երեխայի վրա: Մենք միշտ պահանջում ենք, որ նրանք լավը լինեն, բայց մենք միշտ չէ, որ լավն ու հանդուրժող ենք»,-հավելեց Մոնթե Մելոքնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը:

Ըստ ԵՊՄՀ «Զարգացման ու կիրառական հոգեբանության» ամբիոնի դասխոս հոգեբան Նարինե Ստեփանյանի` երեխայի նկատմամբ կիրառված բռնությունը ագրեսիա է ծնում: «Երեխային խաբելու հետևանքով կարող են տարբեր խնդիրներ առաջանալ: Երեխան ոչ մի տարիքում չի մոռանում, որ իրեն ծեծել ու վիրավորել են, և կգա մի պահ, որ երեխայի մեջ հավաքված ագրեսիան կարտահայտվի»,-նշեց հոգեբանը և հավելեց, որ առավել շատ ագրեսիա են դրսևորում միակողմանի ծնողազուրկ երեխաները: