AM
20 Փետրվար 2013 - 06:37 AMT

Առանց աշխատանքի ու ապաստանի. Գյումրեցի ընտանիքը երրորդ գիշերն է լուսացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Աշոտ Մկրտչյանի ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ գիշերում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Պատճառը միայն անապաստան լինելը չէ: Աշոտ Մկրտչյանը Գյումրիում ռուսական զորամասի զինծառայող է եղել և մի անգամ դաժանաբար ծեծվելուց հետո, հրապարակել է իրեն ծեծողների անունները. «Մենք 2004 թվականին ստիպված տեղափոխվեցինք Ռուսաստան, որովհետև այստեղ պարբերաբար հալածանքների էինք ենթարկվում՝ թե՛ ես, թե՛ ընտանիքս: Ռուսաստանում քաղաքացիություն ստացանք, իսկ հետո տեղափոխվեցինք Ֆրանսիա, որտեղից մեր կամքով հեռացանք, քանի որ ուզում էինք մեր հայրենիքում ապրել: Մեզ խաբեցին, որ կօգնեն, բերեցին այստեղ ու թողեցին բախտի քմահաճույքին», – PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց Աշոտ Մկրտչյանը:

Նրա հավաստմամբ` ինքը հասկանում էր, որ Հայաստանում ապրելը շատ դժվար կլինի, քանի որ ինքն ու երեխաները համարվում են ՌԴ քաղաքացիներ, ՀՀ քաղաքացիություն ունի միայն կինը. «Սկզբնական շրջանում Ֆրանսիայի դեսպանատունը մեզ աջակցում էր, օգնություն էր ցույց տալիս, որ ապրեինք, իսկ հետո Երևանից տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ շատ վատ էինք ապրում: Վեց ամիս լույս չունեինք: Մի օր էլ մեզ դուրս արեցին բնակարանից: Մենք մեր ամբողջ իրերով հայտնվեցինք դրսում: Ես դեսպանատանը խնդրեցի մեզ գոնե Ռուսաստան արտաքսել, բայց մերժում ստացա», – ավելացրեց Մկրտչյանը:

Աջակցություն ստանալու ակնկալիքով Մկրտչյանների ընտանիքը դիմել է բոլոր կառույցներին, սակայն մինչ օրս ոչ մեկից բավարար պատասխան չի ստացել: ՄԱԿ-ի գրասենյակում պատասխանել են, որ հարցին լուծում տալը իրենց իրավասություններից դուրս է: Աշոտ Մկրտչյանը դիմել է նաև ՌԴ դեսպանատուն` հույս ունենալով որևէ աջակցություն ստանալ որպես ՌԴ քաղաքացի, բայց այստեղ էլ նրան մերժել են` պատասխանելով, որ իրենք սահմանադրական նորմերը չեն կարող խախտել: Ֆրանսիայի դրդապատճառներն, ըստ Մկրտչյանի այլ են.

«Մեզ Ֆրանսիան երկու ելք է առաջարկում` կամ ստանալ ՀՀ քաղաքացիություն, որը հիմա անհնար է, կամ էլ միանալ աղանդավորական խմբերին և նրանց հետ գաղտնի ճանապարհներով գնալ Ֆրանսիա: Այլ կերպ ասած՝ ուզում են դրդեն, որ աղանդավորականների շարքերը համալրենք»:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք արդեն մի քանի ամիս է դպրոց չեն հաճախել: Մկրտչյանը նշում է, որ իր երեխաները բավականին խելացի են, մի քանի լեզու են տիրապետում և գերազանց սովորել են, իսկ այս պայմաններում դպրոց գնալու մասին խոսք լինել չի կարող: Ընտանիքը որոշել է միասնական լինել և չհեռանալ ՄԱԿ-ի գրասենյակի մոտից այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին լուծում չտան: