Այսօր ժամը 17:00-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններում 36,74% կամ 539 674 ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում «հաղթահավաք» է հրավիրել: «Այս անգամ Աժ դարպասները մագլցողներ հաստատ չեն լինի: Չի կրկնվելու ոչ մի սցենար: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքային, ազնիվ, հայրենասեր մարդ է, նա իր ժողովրդին փորձության չի տանելու, բայց ամեն քաղաքակիրթ ճանապարհով այնպիսի տարբերակ կարող է առաջարկել, որ բոլորս զարմանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նկատեց, որ նպատակը ժողովրդին իշխանությունը փոխանցելն է, և փոխանցողն էլ պիտի քաղաքակիրթ ձևով անի: «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը հրապարակային են, ինչ-որ խոսի որևէ տեղ հրապարակում են, և ստիպելու են իշխանություններին քաղաքակիրթ քայլերով քաղաքական որոշում կայացնել: Դրա ականատեսը լինելու ենք առաջիկա օրերին»,- նկատեց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանին մինչև այսօր ժամը 17:-00-ն ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը և նկատեց. «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ:





