AM
21 Փետրվար 2013 - 07:30 AMT

Օմբուդսմեն. Պետք է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին

Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ: Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը: 52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի ներկայացվել ըտրախախտման գեթ մեկ փաստական հանգամանք: Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներով Պաշտպանին ահազանգել են 68 քաղաքացիներ: Այս կապակցությամբ Պաշտպանը իր դիտողություններն ու առաջարկը գրավոր և հրապարակային կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

38 ահազանգերը վերաբերել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին: Որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացվել է Ոստիկանություն, ընտրացուցակներում համապատասխան ուղղումներ իրականացնելու համար: 20 ահազանգերը վերաբերել են քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին և քվերակության գործընթացի այլ շեղումներին: Դրանց վերաբերյալ ահազանգողներին տրվել է հստակ ուղղորդում և խորհրդատվություն, թե ինչպես արձանագրել նման անկատարությունները և թե ինչպես դրանք ներկայացնել համապատասխան ընտրական հանձնաժողովներին: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քվեարկության մատչելիությունից դժգոհելով Պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ: Այս կապակցությամբ նախկին ձեռքբերումները ամփոփելով և ապագա արագ վերափոխումների ակնկալիքով՝ Պաշտպանը կգործակցի Տարածքային կառավարման նախարարության և առանձին համայնքների ղեկավարների հետ: Մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին: Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, ընտրահանցանքների մասին Պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ ոստիկանությանը, և թե´ հանրությանը:

«Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժվել բոլոր ընտրահանցագործներին»,-նման համոզմունք է հայտնել Օմբուդսմենը: