Այսօր աշխարհի փոքր երկրների լեզուները վտանգված են: Այսօրվա լեզվական վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք պետք է մտահոգվենք մեր լեզվի համար: Սակայն լեզվի հարցում համեմատաբար լավ վիճակ է հեռուստատեսությունում, քանի որ եթերը էապես տարբերվում է առաջվանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը: Վերջինիս խոսքով` փոխվել են լրատվական հաղորդումները, կան շատ լավ լրագրողներ, հաղորդավարներ, մնում է միայն շեշտադրությունը շտկել:
2004 թվականի Ազգային ժողովի որոշման համաձայն` փետրվարի 21-ը նշանակվեց որպես Մայրենի լեզվի օր: 2006 թվականից Լեռնային Ղարաբաղում նույնպես սկսեցին նշել այս տոնը: Ինչպես նշեց բանախոսը` շատ են քննադատում այսօրվա ֆիլմերը, սերիալները, որտեղ հաճախ խոսում են ոչ ճիշտ հայերենով, սակայն դա էլ բխում է մասնավոր հեռուստաընկերության շահերից, իսկ դա հեռուստադիտողի պահանջն է: «Եթե ընկնենք թարգմանությունների հետևից, մեր լեզում ծանր վիճակում կհայտնվի, ամեն նոր բառ իր ճանապարհը պետք է հարթի: Ամենուրեք օտար բառեր են, մենք պետք է մեր մեջից հանենք օտարամոլությունը, քանի որ մեր փոխարեն ոչ ոք մեր լեզվին տեր չի կանգնելու:
Չի գործում նախկին Տերմինաբանության կոմիտեն, որը այսօր մտցված է ԿԳ նախարարության Լեզվի և տեսչության վարչության մեջ: Անհրաժեշտ է, որ Տերմինաբանական կոմիտեին տրվի հատուկ կարգավիճակ»,-հավելեց բանախոսը:





