AM
21 Փետրվար 2013 - 11:56 AMT

Հմայակ Հովհաննիսյանը նշում է, թե ինչով է ներկա իրավիճակը տարբերվում նախորդից

Նախագահական այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակով անցկացված ընտրություններն էին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը` նշելով, որ այդ մասին վկայում են թե տեղական, և թե միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները:

Մկրտիչ Մինասյանը նշել է նաև իր խոսքով միակ բացթողումը, որի մասին նույն դիտորդները խոսել են. «Դա մրցակցության պակասն էր, ինչը կարծում եմ պայմանավորված է խորհրդարանական երեք ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ընտրություններին չմասնակցելու որոշմամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի նսեմացնում ընտրությունների արդյունքները»: Պատգամավորի խոսքով միայն այն փաստը, որ գլխավոր ընդդիմադիր թեկնածուն հավաքել է մոտ 38 տոկոսը ձայն վկայում է այն մասին, որ ընտրությունները մրցակցային էին:

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմակիցների հանրահավաքի մասին խոսելով` Մկրտիչ Մինասյանը հույս է հայտնել, որ «Ժառանգության» առաջնորդը կցուցաբերի քաղաքական խոհեմություն և չի գնա քաղաքական առճակատման: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ով ևս մասնակցում էր ասուլիսին, նախկինում ևս հիմնական ընդդիմադիր թեկնածուները չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն ներկա իրավիճակը իշխանությունների համար շատ ավելի բարդ է:

«Այս իրավիճակն աննախադեպ է, որովհետև երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների միջև մեծ տարբերություն է, սա նշանակում է, որ մինչև հիմա միշտ ընտրությունից ընտրություն պաշտոնապես հռչակված հաղթողին հաջողվում էր իր կողմը քաշել երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին ու դրա հաշվին կայունացնել իրավիճակը, իսկ հիմա այդ ռեսուրսը իշխանությունը չունի»,- նշել է Հմայակ Հովհաննիսյանը: