Օմբուդսմենի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգ, որոնցից 25-ը պարունակել են ընտրակաշառքների, կրկնաքվեարկության, լցոնման և այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ:
Երեկ Պաշտպանի աշխատակազմը ողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ և լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց համաձայնությունը իրենց կողմից տրված տեղեկությունը ամբողջությամբ կամ մասամբ Ոստիկանությանը փոխանցելու համար, ինչպես նաև ստանա թույլտվություն իրենց ինքնությունը բացահայտել Ոստիկանության և հանրության առաջ: Ինքնության բացահայտումը Ոստիկանությանը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել արդյունավետ քննություն: Այդ անձանց մասին հանրությանը տեղեկացնելը կարող է քննության ողջ գործընթացը դաձնել ավելի թափանցիկ և վստահելի, պաշտպանել ահազանգած քաղաքացիներին տարատեսակ ճնշումներից, ինչպես նաև օրինակ ծառայել այլ քաղաքացիների համար: Արդյունքում 25 ահազանգերի ընթացքը հետևյալն է.
Ընտրակաշառք. 1. Քաղաքացի Սուրեն Մանուչարյանը /բնակվող Տավուշի մարզ, գ. Վարագավան/ հայտնել է, որ անձամբ իրեն տվել են 5000 ՀՀ դրամ։ Ինքը գումարը չի ծախսել, պահել է ծրարի մեջ ՝ որպես իրեղեն ապացույց: Պաշտպանի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են, որ ընտրակաշառքի մասին ինքնակամ տեղեկացնելը հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից: Համաձայն է համագործակցել Ոստիկանության հետ: Պաշտպանի աշխատակազմը իր ողջ ներուժով ամեն կերպ աջակցելու է քաղաքացիական խիզախություն դրսևորած Սուրեն Մանուչարյանին: 2. Քաղաքացի Ա.Մ. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) /Սյունիքի մարզ, ք. Սիսիան/ հայտնել է, որ թիվ 37/15 ընտրատեղամասի դիմաց քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում: 3. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 141 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանել: 4. Քաղաքացի Թ.Ն. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) հայտնել է, որ թիվ 50 դպրոցում ընտրակաշառք են բաժանում: 5. Վերին Գետաշեն գյուղի բնակիչը (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական ՀՀ դրամ:
Այլ անձի փոխարեն ստորագրման դեպքեր, որոնք կարող են վկայել կրկնաքվեարկության մասին. 1. Քաղաքացի Ժաննա Հովակիմյանը հայտնել է, որ թիվ 8/13 ընտրատեղամասում իր և իր քրոջ փոխարեն ստորագրված է եղել: 2. Քաղաքացի Ստեփան Ամիրխանյանը հայտնել է, որ թիվ 1/13 ընտրատեղամասում իր դստեր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն: 3. Քաղաքացի Տիգրան Ալեքսանյանը հայտնել է, որ թիվ 1/35 ընտրատեղամասում ընտրելու ժամանակ բացահայտել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն իսկ ընտրել են:
Լցոնման ահազանգ 1. Քաղաքացի Նարինե Իսմաելին հայտնել է, որ թիվ 17/05 ընտրատեղամասում կատարվել է 300 քվեաթերթիկի լցոնում: 2. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 17/2 ընտրատեղամասի սենյակներից մեկում հայտնաբերվել են կնիքով քվեաթերթիկներ: Պաշտպանի աշխատակազմից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ մյուս 15 ահազանգողներից 9-ը հայտնել են, որ իրենց տեղեկությունները իրենք լսել են այլ անձանցից, և այդ անձինք էլ իրենց համոզմամբ տեղեկատվության առաջնային աղբյուր չեն: Ահազանգողներից մեկը հայտնել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և կատակել է: Ահազանգած 5 քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի հարուցվեն վարույթներ և սկսվի քննություն, քանի որ չեն վստահում ոստիկանությանը:





