Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 18-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց է անում գյումրեցի Մկրտչյանների ընտանիքը: Նրանք միջազգային կառույցներից ապաստան էին խնդրում, քանի որ իրենց պնդմամբ Հայաստանում ենթարկվում են ճնշումների:
Աշոտ Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել էր, որ 2004 թվականին իրենք տեղափոխվել էին ՌԴ և քաղաքացիություն ստացել, այնուհետև մեկնել էին Ֆրանսիա, ապաստան հայցել, սակայն այդպես էլ փախստականի կարգավիճակ չստանալով 2010թ. վտարվել էին Հայաստան: Չունենալով տուն, աշխատանք, ապրուստի այլ միջոցներ, ընտանիքը որոշել էր իր բողոքն արտահայտել նստացույցով:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, տեղեկանալով ընտանիքի մասին, այցելել են նրանց, խնդրին մանրամասն ծանոթանալու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Աշոտ Մկրտչյանը հայտնել է, որ իրենք նախևառաջ կացարանի, հագուստի և ուտելիքի կարիք ունեն, քանի որ գոյատևելու համար վաճառել են իրենց ողջ գույքը: Պարզվեց նաև, որ վերջիններս խնդիրներ ունեն նաև անձնագրերի վավերականության ժամկետի հետ, երեխաներից մեկը 15 տարեկան էր, սակայն դպրոց չէր հաճախում, իսկ ինքն ու կինը չեն կարողանում աշխատանք գտնել: Այս և մի շարք այլ խնդիրների հարցով դիմել են տարբեր պետական մարմինների, սակայն ոչ մեկը որևէ կերպ չի արձագանքել:
Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը վերջիններիս բացատրել էր Պաշտպանին դիմելու հնարավորությունները, հնարավոր իրավական աջակցությունը, ինչպես նաև խոստացել էր միջոցներ ձեռնարկել ապրուստի ժամանակավոր միջոցներով ապահովելու համար: Աշոտ Մկրտչյանը նշել է, որ Պաշտպանի աշխատակազմը միակ կառույցն էր, որն արձագանքեց իրենց:
Քանի որ բացի իրավական աջակցությունից, Մկրտչյանների ընտանիքին անհրաժեշտ էր նաև այլ օգնություն, Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցման կենտրոնի, ինչպես նաև Լայթ Հաուս հիմնադրամի աջակցությամբ ընտանիքին հնարավոր եղավ ապահովել ժամանակավոր կացարանով, հագուստով և սնունդով, իսկ Կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցները վերջիններիս խոստացան անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև հոգեբանական և սոցիալական այլ ծառայություններ:





