AM
22 Փետրվար 2013 - 14:45 AMT

Ապրիլի 22-24-ը կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը

Ապրիլի 22-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը:

Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին շուրջ երեսուն երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ:

Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց համաժողովի անցկացման փաստն ու նպատակը, հանգամանքը, որ համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումների միջոցով բարձրաձայնվելու են համահայկական նշանակության հիմնախնդիրները, առաջադրվելու են դրանց նոր լուծումները: «Մենք պետք է մշտապես ոգևորենք ու արթուն պահենք Սփյուռքը, կոչ անենք դեպի արմատներին վերադառնալ, հակառակ պարագայում կարագացնենք ուծացման գործընթացները»: Նախարարը ևս մեկ անգամ ներկայացրեց այն օբյեկտիվ պատճառներն ու հանգամանքները, որոնք սպառնում են հայկականությանը, հայ մնալուն. «Համաշխարհայնացումը կլանում է ազգությամբ հայ երիտասարդներին, նրանք կուլ են գնում այն հասարակությանը, որում ապրում են: Երիտասարդը հայ կմեծանա այն դեպքում, երբ Հայրենիքն իրական է տեսնում: Այս գործում կարևոր են երկու հանգամանք՝ այցելություն Հայաստան և հպարտության արժանի հայորդիների օրինակների առկայություն»:

Խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք գաղափարական հարցադրումներ, որոնցով կհստակեցվի համաժողովի օրակարգն ու ծրագիրը, կազմակերպչական հարցեր:

Հանդիպման ավարտին որոշվեց առանձնացնել համեմատաբար փոքր խմբեր, որոնք կքննարկեն և կկանոնակարգեն համաժողովի առանձին բաժինների աշխատանքը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: