AM
25 Փետրվար 2013 - 09:53 AMT

Արամ Սարգսյան. Ժողովուրդը կշարունակի պայքարն այնքան, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը

Ժողովրդի համբերությունը սպառվել է: Վերջինս շարունակելու է պայքարն այնքան, որքան առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հաշվարկներ անի, թե որ ճանապարհն է ճիշտ այս պահին: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ներկայիս քաղաքական իրավիճակի մասին` Սարգսյանը նշեց, որ այն կարելի է բնութագրել երեք ձևով` անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու՝ առանց բարաթի և «բա որ ասում էինք»: Բանախոսի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը մի կողմից անփորձ, մյուս կողմից փորձառու քաղաքական գործիչ է, իսկ անփորձ է այն առումով, որ չի եղել նման իրավիճակներում: «Հետևելով նրա հարցազրույցներին, եկել եմ այն եզրակացության, որ նա ցանկանում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անել, իսկ նման փոփոխությունների արդյունքում երկիրը վտանգի տակ կհայտնվի»,-ասաց Սարգսյանը` նշելով, այն քաղաքներում, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, մեծ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների թիվը: Վերջինիս խոսքով` իրենք Սերժ Սարգսյանի առջև դրել էին պայմաններ, որոնք իրագործելու դեպքում կհամագործակցեին: Անհրաժեշտ էր համակարգային փոփոխություններ անել, ժողովրդի հետ բաց խոսակցություն ունենալ: «Իշխանությունները այնպիսի էյֆորիայի մեջ էին, որ իրենց թեկնածուն հաղթում է, որ այդպիսի տրամադրությամբ էլ եկան ընտրությունների` հաշվի չառնելով ժողովրդին, որը որոշեց իր կամքը արտահայտել: Իշխանությունից նեղացած տաքսիստները և ատամնաբույժները նույնպես ցույց տվեցին իրենց վերաբերմունքը: Մարդիկ նեղացած էին նաև նրանից, որ այս անգան իրենց քիչ գումար էին բաժանել»,-հավելեց Սարգսյանը: