AM
26 Փետրվար 2013 - 07:04 AMT

Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 1

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ:

Դեպքերի մասին պատմում են ականատեսները:

Վիկտորիա Դանիելյան, Սպանված Սեդա Դանիելյանի քույրը. Կիրակի օրը՝ երեկոյան ժամը 18.30, ոչ մի բան չիմանալով մտնում են տուն։ Հետո մեկը դուռը ծեծում է, ասում է՝ «Դուք հայե՞ր եք», քրոջս ամուսինն ասում է՝ «Ո՛չ, մենք թուրքեր ենք», և նա հեռանում է։ Մի քանի րոպե անց հեռախոսով զանգում են՝ «Կոլյա, տա՞նն ես», պատասխանում է՝ «Տանն եմ», նրան ասում են՝ «Դե տնից դուրս չգա՛ք, մի քանի րոպեից գալու ենք ձեզ վերցնելու»: 10-15 րոպեից մոտ 25 հոգի մտնում են տուն և սկսում նրանց ծեծել։ Ծեծելուց հետո դուրս են հանում բակ, ամուսնուն իսկույն սպանում են, երեխայի գլխին 5 անգամ խփում են, նրան շատ ծեծում են։ Նրանց գնալուց հետո մի քանի հոգի նորից գալիս և տեսնում են, որ քույրս շարժվում է։ Երբ քույրս տեսնում է նրանց մոտենալիս, երեխային ծածկում է իր մարմնով։ Քրոջս երեսին ողջ տեղ չկար, երեսը չէր երևում։