Այդպիսի կամավորներից է քուրդ բժշկուհի, Աբովյանի բնակիչ Թամարա Զատոյանը: Հունվարի սկզբից նա մի քանի համախոհների հետ կամ միայնակ հայտնվում է մարդաշատ վայրերում և հորդորում անցորդներին ստորագրել հանուն Օջալանի ազատության: Նրան չեն հուսահատեցնում ո՛չ եղանակային պայմանները, ո՛չ էլ անցորդների սառը վերաբերմունքը:

«Ստորագրություն հավաքում ենք Աբովյանում, Երևանում, Ալագյազում, Գյումրիում, Թալինում, Ապարանում, բոլոր մարզերում: Նրանք ովքեր տեղեկացված են, առանց հրավերի մոտենում են և կոչ են անում, որ ազատ արձակեն Օջալանին: Այս մարդիկ շատ սիրալիր են, իսկ ով էլ չգիտի, բացատրում ենք, և դրանից հետո շատերը սստորագրում են, շատերը` ոչ: Աբովյանում, օրինակ, արդեն հավաքել ենք 3350 ստորագրություն: Ստորագրելիս մարդիկ հաճախ զրույցի են բռնվում, փորձում են հասկանալ քրդական ազգային ազատագրական շարժման պատճառները, ստեղծված քաղաքական իրադրությունը», – ասում է տիկին Թամարան, ով նախորդ օրը մի քանի այլ գաղափարակիցների հետ ստորագրություն էր հավաքում Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում: «Շատ են հետաքրքրվում հատկապես Օջալանի անձով, ազգային պատկանելիության խնդրով: Հետաքրքիր է, որ հայերը նրան յուրային են համարում»,-ասում է տիկին Թամարան և, նկատելով մոտեցող երիտասարդների, հերթական անգամ բարձր արտասանում է.«Համեցե՛ք, ստորագրե՛ք Օջալանի ազատության համար»: «Բայց ես չգիտեմ` ով ա Օջալանը»,- ասում է երիտասարդներից մեկը:
Տիկին Թամարան պատմում է. «Նա քրդերի առաջնորդն է, ով պայքարում է թուրքերի բռնությունների դեմ»: Երիտասարդը բավարարվում է պատասախանով և ստորագրում:
«Ակցիան ավարտվելու է մարտի վերջին: Մենք հույս ունենք, որ մինչ այդ պահը ի վիճակի կլինենք 5 միլիոն ստորագրություն հավաքել. Կենտրոնական Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում ու Շվեյցարիայում էլ են հիմա ստորագրահավաք անցկացնում: Ակցիայի կազմակերպիչները այդ ստորագրությունները հանձնելու են Եվրախորհուրդին` խնդրելով միջամտել և փորձել լուծել քրդերի խնդիրը Թուրքիայում»,-եզրափակում է զրուցակիցս:





