Հայաստանի նախագահի ընտրություններից հետո սպասվող իրավիճակը անիմիջական կապված կլինի նաև հարևան պետություններում ընթացող զարգացումների հետ: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հարևան երկրները նախ առանձնացնում է ըստ կարևորության: Ադրբեջան: Այս երկրում հակաիշխանական գործընթացներ են: Ադրբեջանում ոչ միայն հալածանքեր են սկսվել հայտնի գրողների, այլև ընդդիմության դեմ, սկսվում են հրաժարականի կոչեր Պաշտպանության նախարարին: Խորքային գործընթացներ են սկսվում այն շրջաններում, որտեղ թուրք չկա, ապրում են այլազգիներ՝ պարսկախոս բնակչություն: Ադրբեջանը մոտենում է այն ներքաղաքական ապակայունացմանը, որի մեջ բոլոր հարևանները պետք է ձուկ որսան, այդ թվում նաև մենք:
Վրաստան: Այստեղ իշխանափոխութուն եղավ կիսով չափ: Աշնանը պատրաստվում են նախագահի ընտրություններին: Երկու անտիթեզ կա՝ պաշտպանել որդեգրած կուրսը կամ մասամբ վերանայել: Օդի մեջ կրակում են, որ աբխազական երկաթգիծ է բացվում: «Մենք համոզվում ենք, որ Վրաստանը պատրաստվում է ներքին ապակայունացման: Այդ երկիրը արդեն վաղուց չի ապրում հանգիստ կյանքով: Նոր վարչակարգը ընդունում է քայլերի ինչ-որ շարք, որը պետք է բերի նաև Հայաստանի և միաժամանակ Ռուսաստանի հետ մերձեցման: Դա մտահոգում է Ադրբեջանին և Թուրքիային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Շաքարյանցը:
Թուրքիա: Այստեղ զարգանում է հայության համար վտանգավոր գործընթաց: Դա անվանում են Նելսոն Մանդելայի նախադեպ: Իրար հետ բանակցություններ են վարում բոլորը՝ կողմերն են Էրդողանի և Գյուլի ներկայացուցիչները: Սա հիշեցնում է հարավաֆրիկյան պետության ղեկավարի դեպքը, երբ բանակացություններ էին վարում ցմահ բանտարկյալի հետ, ով դարձավ նախագահ: Նույն վիճակը հիմա տիրում է Անկարայում և Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես նաև Հայաստանի սահմանագծին: Նրանք սկսում են բանակցություններ վարել, որ քրդական պայքարի առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը դառնա Նելսոն Մանդելա: «Բայց պարզ է, որ Նելսոն Մանդելա Թուրքիային պետք չէ, քուրդը չի դառնալու նրանց նախագահ: Օջալանին պատրաստում են Քրդստանի համար»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը և նշեց. «Ենթադրենք քրդական գործոնը հաղթում է: Ցեղասպանության դիմաց պատասխանող պետք է լինի: Ստացվում է՝ մենք չգիտենք՝ ում հետ խոսենք, այդ ժամանակ Քրդստան չկար, թուրքերն էլ այդ տարածքի տերը չեն լինի արդեն: Թուրքաքրդական դաշնություն է ստեղծվելու՞, բայց 15-ին քրդերը որպես պետություն չկային, մենք չունենք մեկը, ում կներկայացնենք մեր պահանջները»:
Իրան: Մեծ հաշվով մեր դեմ խնդիրներ չի հարուցում, բայց նաև մոտենում է նախընտրական ժամանակաշրջանին: Թեկնածուներից երկուսը նախկին ԱԳ նախարարներն են՝ մեկը՝ Ալի Աքբար Վելայթեին: Նա շատ լավ գիտի տարածաշրջանը, Հայաստանում էլ շատերը գիտեն նրան: Բարդ անձնավորություն է, ում հետ հեշտ չի լինի որևէ մեկին: Հայաստանի իշխանությունը չի կարող հաշվի չնստել նրա և իր թիմի հետ: Նրա հետ խորամանկել հնարավոր չէ: Իրանը հայտարարում է, որ միջուկային տերություն է, և որևէ մեկը չի կարող հաշվի չառնել դա: «Իրանի դեմ ցանկացած քայլ, չի կարող մեզ վրա չազդել: Բախումն անխուսափելի է՝ լինի աշխարհաքաղաքական, թե ռազմաճակատային»,- նկատեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ այս չորս պետությունների գործոնները բարդացնում են իրավիճակը Հայաստանի շուրջ: Փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ կապ ունեն դրսի ուժերը: «Մենք գիտենք, որ նախկին թեկնածուներից մեկը ասում է, որ իր հաղթանակը տանելու է մարզեր և գյուղեր: Ինչքա՞ն նպատակահարմար է դա անել, երբ ԱՄՆ նոր պետքարտուղարն արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ: Իհարկե որևէ մեկը չի կարող արգելել, որ մեկն էլ հանրահավաքի հրավիրի մարդկանց ու հայտարարի, որ իր տոկոսներն են իջեցվել: Կարծես դա մեր ներքին որոշումներն են: Բայց երբ իմանում ես, որ նրանք հանդիպումներ են ունենում տարբեր դեսպանների հետ, հասկանում ես, որ նրանք փորձում են համաձայնեցնել իրենց քաղաքականությունը արտաքին ուժերի հետ՝ ԱՄՆ, ԵՄ ներկայացնող պետությունները, ՌԴ: Եթե իմանում ենք, որ մեր թեկնածուները հարկ են համարում հանդիպել այդ երկրների դեսպաններին, ստացվում է, որ ներքին գործընթացների հետ արտաքին գործոններն ինչ-որ փոխկապակցություն ունեն»,- պարզաբանեց Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ նրա՝ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին մեր բնակչությունը չէր վստահում: «Դարձյալ աթոռակռիվը սկսվում է, ոչ դու ես լավ, ոչ՝ մյուսը: Ինձ համար պարզ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները: Հանրահավաքի գաղափարը՝ «Ես հաղթել եմ», արդեն պարզ չէ»,- ասաց քաղաքագետը:





