Մենք կոչ չենք անում մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. լռելու ժամանակը արդեն վաղուց անցել է: Այդ լռելու քաղաքականությունը չարդարացրեց իրեն 25 տարիների ընթացքում, ուստի մենք պետք է մեր ճշմարտության մասին ճչանք ամեն հարմար պահի: Այսօր լրագրողների հետ հանդիպումը այսպիսի խոսքերով սկսեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Ոոգևորված ենք, որ ԱՄՆ-ում, Եվրոպայի տարբեր քաղաքներում և երկրներում սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման բազմամարդ ակցիաներ են կազմակերպվում, մենք ցավոք սրտի զգում ենք, որ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա մենք մեր ցավի հետ մեն-մենակ ենք մնացել, քանի որ կարծում եմ ավելի տպավորիչ կլիներ, եթե դրանց մասնակից լինեին նաև ականատեսները, նրանց իրավահաջորդները: Նույնը վերաբերում է մեր Հայաստանի ակտիվիստներին, համլսարանականներին և մնացած կազմակերպություններին»,-ասաց Գրիգորի Այվազյանը:
Նա հայտնեց, որ թեև փախտականների հոսքից անցել է արդեն 25 տարի, ադրբեջանահայերի կենցաղային և բարոյահոգեբանական վիճակը շատ ծանր է և օրհասական: Նրանք ապրում են դժոխային պայմաններում: Մենք չենք մեղադրում Հայաստանի Հանրապետությանը: Նրանք Ադրբեջանում վաստակած են եղել ամեն ինչ, իսկ հիմա չունեն ոչինչ: Մենք պատասխանատվություն ենք պահանջում Ադրբեջանից: Մեր պահանջը արդարացի է, և մենք հաղթելու ենք, – հայտարարեց Գրիգորի Այվազյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանից պահանջելու են 100 միլիարդ դոլար՝ որպես նյութական և բարոյական վնասի փոխհատուցում:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի կարծիքով՝ այս օրը հատկանշական է ադրբեջանահայերի համար. «Ղարաբաղյան շարժման 25-ամյակ, Խոջալուի առասպել, Սումգայիթյան ցեղապսանության 25-րդ տարելից: Այս երեք իրադարձությունները սերտորեն շաղկապված են. Ղարաբաղյան շարժման համար մենք մեծ գին վճարեցինք, Խոջալուի առեղծվածը ադրբեջանցիները հորինեցին իրենց մեղքերը թաքցնելու համար»,-ասաց Գրիգորի Այվազյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանը իր պատասխանատվությունը վերստանձնեց, երբ բոլորովին վերջերս հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին:





