ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում կիսվել լրագրողների հետ կուսակից գործընկերների քաղաքական ճակատագրի մասին` առանց կուսակցությունում տեղի ունենալիք քննարկումների:
«Հրաժարականներից մի զարմացեք: Քաղաքականություն է, կենդանի գործընթաց: Մի օր էլ կիմանանք ես եմ հեռացել: Բայց հրաժարականների մեծ շքերթ չկա»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ փոփոխությունների պետք է սպասել, և չի բացառվում, որ այդ փոփոխությունների մեջ լինի նաև ինքը. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի և փոխնախագահների փոփոխության հարցին, Շարմազանովը նշեց, որ նրանց փոփոխության հարցն օրակարգում չկա և կոռեկտ չէ հիմա դրա մասին խոսել. «Կոնկրետ իմ գործընկերները նորմալ իրականացնում են իրենց աշխատանքները, իսկ ես թիմային աշխատող եմ, և թիմն ինչպես կորոշի, այնպես էլ կարվի, ես պաշտոնից կառչած չեմ»:





