AM
26 Փետրվար 2013 - 12:16 AMT

Մարզերում պետական կառավարման մասին նախագիծը կլրամշակվի

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997թ. ՆՀ-728 հրամանագրում լրացում կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է կարգավորել տարածքային կառավարման մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: Նախագծով նաև միասնականացվում է վարչական հսկողության գործընթացը:

Նշվեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համաձայն, սակայն այն չի կարգավորում ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության և նրա ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով մշակվել է նախագիծը, որը նաև բխում է «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշումից:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացված փաստաթուղթը կարևոր համարեց` մասնավորապես ընդգծելով գործընթացի միասնականացման անհրաժեշտությունը: Նկատելով, որ նախագիծը մշակվել է գործող օրենսդրության պահանջների շրջանակում, փոխվարչապետը միաժամանակ նշեց ստուգումների մասին օրենսդրության հետագա կատարելագործման ժամանակ նաև ոլորտի հետ կապված հստակ մոտեցումների սահմանումը: Նա նաև հեղինակներին հանձնարարեց լրամշակել նախագիծը` հաշվի առնելով ստացված առաջարկությունները:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց նաև ՀՀ համայնքների կողմից հողերի կառավարման բնագավառում իրականացված գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը. Մասնավորապես, ներկայացվեցին 2012թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների արդյունքում իրականացված աշխատանքների, համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության, համայնքներում քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող չօգտագործված գյուղատնտեսական նշանակության հողերի, ՀՀ մարզերում ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17 թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան իրականացված հողատեսքերի փոփոխության, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման մասին տեղեկություններ:

Փոխվարչապետը ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարեց վերոնշյալ տեղեկություններն ու ցուցանիշները քննարկել Գյուղատնտեսության նախարարության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ, հայտնում է Հասարակայնության հետ կապերի բաժինը: