ԱԺ-ում շարունակվում են հետընտրական քննարկումները, հայտարարությունների ժամին պատգամավորների ելույթները ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին են:
«Ընտրություններն ի սկզբանե կեղծված էին և չնայած մի շարք քաղաքական ուժերի ջանքերի՝ իշխանությունը մերժեց ընտրական համակարգի վերափոխման առաջարկը և պահպանեց ընտրակեղծիքների ու ճնշումների բոլոր ձևերը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` ժողովրդի ընդվզումը բնական է և եկել է ժողովրդին պատասխան տալու ժամը: «Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, բռնության վրա և այն չի կարող երկար գոյատևել. հասկացեք վերջապես, որ այսպես շարունակելով մի օր կանգնելու եք կործանման առջև: Եթե կարող եք սթափվել ու ըմբռնել, որ ինչ-որ բան կարող եք անել, ապա զիջեք ժողովրդի պահանջներին»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն առաջարկեց ընդունել ընտրական համակարգի վերափոխման ընդդիմության առաջարկած փաթեթը և երկրում հնարավորինս արագ կազմակերպել նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ բոլորը մեծ սպասելիքներ ունեին անցած նախագահական ընտրություններից, բայց այսօր մեկ հարց է օրակարգում՝ արդյո՞ք ստեղծվել է մի իրավիճակ, երբ համաժողովրդական ոգևորություն է դեպի երկրի զարգացում գնալը ու, արդյո՞ք հասարակության վստահությունն ավելացել է. «Ես չեմ տեսնում դա: Բայց մի դրական բան տեսնում եմ՝ քաղաքացիական հասարակությունն այսօր ամուր է, քան երբեք և նրա ձայնը չլսել հնարավոր չէ»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հայտարարություններին և պայքարին` նա նշեց, որ այդ պայքարը բոլորի համար է, որևէ մեկի դեմ չէ և որքան էլ ընդունվի կամ չընդունվի կամ ինչպիսի երանգ էլ դրան չտվրի՝ այն անպայման հաջողություն է բերելու:





