AM
26 Փետրվար 2013 - 15:14 AMT

Զարուհի Փոստանջյան. Լավագույն տղերքը վերադառնում են, սիրելի կանայք` նոր հույս գտնում

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում իր հայտարարության ժամանակ մեջբերում արեց Լևոն Խեչոյանի «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի» վեպից. «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը»:

Ըստ պատգամավորի` տարիներ շարունակ մենք ականատեսն ենք, թե ինչպես մեր ժողովրդին, որն ունի արժանապատվություն այս կամ այն տերության հանցակցությամբ, թույլ չեն տվել իրացնել իր երկրում թագավոր լինելու իր իրավունքը, ականատես ենք նաև, որ մեզ սպանել և բանտարկել են: «Կրկին այս կամ այն տերության մասնակցությամբ և հանցակցությամբ տեղի է ունենում փորձ օտարել մեզանից մեր երկրում թագավոր լինելու մեր իրավունքը և իրավազորությունը: Սակայն պետք է այս կամ այն տերության հանցակից մասնակիցներին իրազեկենք, որ այս անգամ ձեր ջանքերը` Սերժ Սարգսյանին կարգելու ՀՀ նախագահ, դատապարտված են և ապարդյուն:

Թող որևէ մեկը չկասկածի հայ ժողովրդի կամքի և հավատի հաստատակամության մեջ:

Մենք կարճ չենք մտածում և հեռուն չենք անտեսում: Մենք զինված ենք համառ համբերությամբ, առյուծին բնորոշ զոհաբերությամբ և նվիրվածությամբ, մեր հազարամյա հայակական վիշապների իմաստությամբ և մեր լեռների տիրակալ հայակական արծվի սրատեսությամբ, որի արդյունքում ճշմարտությունը նվաճելու է մեր հայրենիքի բոլոր տաճարները:

Մեր ժողովուրդը և հայրենիքը կանչում է:

Լավագույն տղերքը վերադառնում են, իսկ սիրելի կանայք նոր հույս են գտնում մեր հայրենիքում:

Հայկական հազարամյակների անցյալը, ներկան և ապագան բոլորիս պարտադրում է սիրել, ապրել և պատերազմել մեր «Թագի` ժողովուրդի, մեր ժողովուրդի՝ մեր հողի, մեր հողի՝ մեր թագավորի: Մեր լավ թագավորի՝ ժողովրդի արաժանապատվության համար»: