AM
26 Փետրվար 2013 - 15:19 AMT

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի նիստում քննարկվեց ազգային ծրագրի նախագիծը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ի գիտություն ընդունվեց ՀՀ-ում մարդկանց մարդկանց շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» և միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը: Նշվեց, որ փաստաթղթի մշակման աշխատանքներին ակտիվ ներգրավված են եղել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի են առնվել նախորդ ծրագրի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները, միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների զեկույցներում տեղ գտած առաջարկությունները: Փաստաթուղթը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Գործողությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով նախատեսվում է ազգային ծրագրի միջանկյալ և վերջնական անկախ մշտադիտարկման իրականացում: Նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն:

Կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ խորհրուրդը քննարկեց նաև շահագրգիռ պետական մարմինների կողմից 2014թ. հակաթրաֆիքինգային գործողությունների ֆինանսավորման հայտերը ներկայացնելու հարցը: Փոխվարչապետը պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկեց 2014թ. համար բյուջետային հայտերը ներկայացնելիս հաշվի առնել նաև ազգային ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման հանգամանքը և համապատասխան միջոցներն արտացոլել ֆինանսական հայտերում:

Խորհուրդը որոշում կայացրեց 2013թ. թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման համար խրախուսական մրցանակ սահմանելու մասին: Մրցույթի

անցկացումը նախատեսված է նաև «ՀՀ-ում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծով: Թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման առաջին մրցույթը հայտարարվել և մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2012թ-ին: Միջոցառման նպատակն այդ թեմայով լրագրողական նյութերի պատրաստման խրախուսումն է և երևույթի մասին հանրային իրազեկումը:

Հաշվի առնելով, որ նախորդ տարի միջոցառման նախապատրաստման աշխատանքներն իրականացրել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, որոշվեց խորհրդի անունից դիմել ՀԿ-ին` այս անգամ ես կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար: