AM
28 Փետրվար 2013 - 07:30 AMT

Ռ.Թովմասյանը չի ընդունում Ր.Հովհաննիսյանի արևմտամետ քաղաքականությունը. Երբեմն չափ ու սահմանն անցնում է

Այսօր հանրապետությունը եռում է, սակայն ըստ Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, չի երևում, թե որտեղից է բլթբլթալու: «Եկավ պահը, ժողովուրդը ոտքի է ելել և ասելու է իր խոսքը: Ես վախենում եմ մարտի 1-ի կրկնվելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ մարտի մեկին հինգ տարի առաջ երկրում տեղի ունեցան վայրագություններ. «Անմեղ զոհրեր տվեցինք իշխանությունների վայրագ վերաբերմունքի և սադրանքի պատճառով: Առաջնորդել մարդկանց և անհետանալ, դա անընդունելի է»:

Ռուբեն Թովմասյանը նշեց, որ վերջին 20 տարիներին ոչ մի արդար, թափանցիկ ընտրություն չի եղել, իշխանություններն ինքնախաբեությամբ են զբաղվում, իսկ ժողովրդի և իշխանության միջև մեծ անդունդ է առաջացել: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին և մարզային շրջայցերին, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ այս ամենի արդյունքը ժամանակը ցույց կտա. միայն թե «Լևոն Տեր-Պետրոսյանի նման չլինի, որ չորս տարի հանրահավաք անեն, իսկ վճռական պահին ասեն՝ չեմ առաջադրվելու, որովհետև տարիքս չի ներում»: Ռուբեն Թովմասյանը չի ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանի խիստ արևմտամետ քաղաքականությունը: «Րաֆֆին երբեմն չափ ու սահմանն անցնում է: Հենվել Արևմուտքի վրա, քար գցել սովետական տարիների վրա, նշանակում է, որ ոչ քո պատմությունը գիտես, ոչ էլ քո ժողովրդին ես ճանաչում: 70 տարի ժողովուրդը հրաշալի ապրել է, իսկ ՀՀՇ-ն լափեց երկրում ամեն ինչ: Դատապարտում ենք նրա հակաբոլշևիկյան հայտարարությունները»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

Երկրի գլխավոր կոմունիստը կարծում է, որ Հայաստանում բարձրանում են հակառուսական տրամադրություններ և դա գաղտնի է տեղի ունենում: «Ես սթափության կոչ եմ անում: Հեռանալ Ռուսաստանից, կատարել ԱՄՆ ցանկությունը, կլինի Հայաստանի վերջի սկիզբը: Հայ ժողովուրդը պետք է հավերժ բարեկամ լինի Ռուսաստանի հետ, իհարկե, չվնասելով մեր ազգի շահը»,- ասաց Կոմկուսի առաջին քարտուղարը և հիշեցրեց Վրլիամ Սարոյանի խոսքերը. «Ամեն ճիշտ, ճշմարիտ բարեկամ հայու համար ռուսն է»: