AM
1 Մարտ 2013 - 06:58 AMT

Այսօր լրանում է Պոլիտեխնիկի հիմնադրման 80-ամյակը

2013 թվականը հոբելյանական է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համար: Այսօր լրանում է Պոլիտեխնիկի հիմնադրման 80-ամյակը:

1933թ-ին Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծեց նոր ինստիտուտ , որը 1933թ-ի մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ և 107 ուսանող: 1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը:

Պոլիտեխնիկն իր գործունեության 80 տարիների ընթացքում տվել է 115 հազարից ավելի շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

Ինչպես տեղեկացնում են ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից, բուհի տարեդարձի կապակցությամբ այսօր համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Ազդարար» նիստ-համերգ, որով կմեկնարկեն հոբելյանական տարվա միջոցառումները: Ողջ տարվա ընթացքում պոլիտեխնիկական հագեցած աշխատանքային առօրյան և ուսանողական կյանքը կուղեկցվեն հանդիսավոր նիստերով, տոնական հանդիպումներով և մեծարման երեկոներով: