AM
1 Մարտ 2013 - 09:15 AMT

Մարտի 1-ի ոճրագործությունը. Ո՞վ էր մեղավոր և փակված է արդյո՞ք այդ էջը

Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները չբացահայտելը ժամանակակից դարում ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար անհասկանալի է: Այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ: «Հայոց պատմության այդ էջը քանի դեռ բացահայտված չէ, հնարավոր չէ փակել, և դա ծանրացած է բոլորիս վրա»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը:

Մարտի մեկի էջը, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, փակված չէ իրավական, սակայն փակված է քաղաքական տեսանկյունից: «Բնական է որ շահարկումների տեղիք կտա, բայց վիրավորվում ենք, որ կարող են շահարկումներ լինել: Հարկավոր է ավելի խոհեմ, ավելի արդյունավետ դատողություններ անել: Քաղաքական տեսակետից հարցը փակված ենք համարում, քաղաքական պրոցեսներն այնպես չէ, որ օրեր շարունակ կրկնվելով պիտի գնան: Շահարկումները նորմալ ենք համարում, բայց գործիք դարձնելը վիրավորական է ամբողջ ազգի համար»,- ասաց Գալուստ Սահակյանը:

«Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»,– ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այպես պատասխանեց հարցին, թե ովքեր են մեղավոր մարտի մեկի համար: Հարցին, թե ովքե՞ր են այդ դատապարտված մարդիկ, Հեղինե Բիշարյան պատասխանեց. «Այսօր ովքե՞ր են դատապարտված ու նստած բանտում…»: Հեղինե Բիշարյանը մի փոքր մտածելուց հետո շարունակեց. «Դատապարտված են այնքանով, որքանով որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել։ Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել, հետ եմ վերցնում։ Ավելին ասել չեմ կարող։ Բայց պետք է հետևողական լինել, որ դատապարտվողներ իսկապես լինեն»։