Կահիրեի համալսարանի հայագիտական կենտրոնում համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ավանդի մասին օրերս տեղի ունեցած գիտաժողովը առանց սկանդալների չի անցել: Ադրբեջանցի մի երիտասարդ Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին հարց է ուղղել Խոջալուի դեպքերի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը պատմելով դեպքը նշեց, որ դեսպանը շատ զուսպ և ճիշտ պատասխան է տվել, որը դուր չի եկել ներկա գտնվող ադրբեջանցիներին, ովքեր սկսել են վիրավորանքներ հնչեցնել հայ ժողովրդի հասցեին:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները խանգարում են հայագիտական գիտաժողովի ընթացքը: Կահիրեում կայացած նախորդ գիտաժողովի ժամանակ ևս մի ադրբեջանցի հարցի ձևով փորձել է քաղաքականացնել գիտաժողովը, բայց վարողը ադրբեջանցուն հիշեցրել է, որ գիտաժողովը քաղաքական հարցեր քննարկելու տեղ չէ: «Ադրբեջանի այս պահվածքը ոչ թե խավիարային, այլ փողոցային դիվանագիտություն է»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
Ասուլիսին ներկա էր նաև Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, ով անդրադառնալով Խոջալուի դեպքերին, նկատեց, որ դրանց մասին ադրբեջանցիները սկսել են խոսել վերջին մի քանի տարվա ընթացքում: «Ադրբեջանում կեղծում են ոչ միայն դարերի պատմությունը, այլ պատմական այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում և փաստագրված են»,- ասաց Կարեն Խաչատրյանը:





