AM
5 Մարտ 2013 - 07:23 AMT

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Վրաստանում և Իսպանիայում

Բաթումում անցկացվեցին Արցախյան շարժման և Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու տեղի հայ համայնքի ջանքերով: Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում, աջարահայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց հոգեհանգստի կարգ, որին հետևեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ծավալուն ելույթը: Գլխավոր հյուպատոսը պատմեց Արցախյան շարժման, պատճառների ու ծագման, ադրբեջանական իշխանությունների կողմից ի պատասխան իրագործված վայրագությունների, մասնավորապես` սումգայիթյան ջարդերի մասին, անդրադարձ կատարեց Արցախի անկախ Հանրապետության ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այսօրվա իրավիճակին: Խոսվեց նաև ադրբեջանական իշխանությունների կողմից պետականորեն որդեգրած հայատյացության, պատմական, մասնավորապես` Խոջալուի ողբերգության հետ կապված փաստերի խեղաթյուրման քաղաքականության, Ռամիլ Սաֆարովի հերոսացման և այլի մասին: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում, Ադրբեջանի մյուս քաղաքներում, ինչպես նաև Արցախում ադրբեջանցի բաշիբուզուկների կողմից մեր հայրենակիցների դեմ սանձազերծված ջարդերի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո, եկեղեցու երգչախմբի կողմից կատարվող երգերի հնչյունների ներքո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Միջոցառմանը ներկա էին նաև վրաց հասարակայնության ներկայացուցիչները, ինչպես նաև Բաթումում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Ահմադ Ռեզա Արջիանին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այնուհետ աջարահայությունը տեղափոխվեց «Բարեկամության տուն», ուր տեղի ունեցավ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար` նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին: Սեմինարի ընթացքում, արցախյան շարժման և սումգայիթյան ողբերգության մասին ելույթներ ունեցան «Մեր ապագան» կազմակերպության ղեկավար Պետրոս Աբրահամյանը, աջարահայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաև բաթումահայ դպրոցականները, որոնք ռեֆերատներ էին կազմել սումգայիթյան դեպքերի, արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ այսօրվա ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքի մասին: Բաթումահայերից կազմված «Էլիտա» համույթը, որի կազմում էին դաշնակահար Նելլի Տերտերյանը և ջութակահար Հասմիկ Ադամյանը, կատարեցին հայ դասականների ստեղծագործությունները: Միջոցառման վերջում ներկաների համար ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմը:

Մարտի 3-ին Իսպանիայում ՀՀ դեսպանության կողմից Մադրիդի Սան Խուան դե լա Կրուս եկեղեցում կայացավ միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25-ամյակին:

Եկեղեցում հավաքված մադրիդահայության և իսպանական հասարակության ներկայացուցիչների առջև ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, ով ներկայացրեց ողբերգական իրադարձությունների պատճառներն ու հետևանքները: Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց. «25 տարի անց մեր խոնարհ տուրքը մատուցելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին` կոչ ենք անում համաշխարհային հանրությանը վճռականորեն դատապարտել մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունը` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը աշխարհի որևէ անկյունում»:

Այնուհետ Տեր Մասիս քահանա Գույումջյանը կատարեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն-պատարագ: Ցուցադրվեց Սումգայիթի ոճրագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ, որից հետո հանդես եկան համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները: