Լրագրող, ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևային զարմացրել է Ֆրանսիայի սենատի պրոադրբեջանական սենատոր Նատալի Գուլյեն, ով “Будет ли утро над Карабахом” ֆիլմը դիտելուց հետո ասել է, թե նման ֆիլմեր կարելի է նկարահանել բոլոր կոնֆլիկտների մասին` լինեն դրանք Եգիպտոսում, թե Ղարաբաղում:
«Ինձ զարմացրեց նրա քաղաքական, մարդկային, մայրական ցինիզմը: Նա չէր էլ փորձում հասկանալ հարցի խորությունը:Սենատորին հունից հանում էին կադրերը, որոնք Ադրբեջանի դեմ անհերքելի ապացույց են: Ես նորից խոսքի իրավունք խնդրեցի ու նրան պատասխանեցի` հարգանք պահանջելով վավերագիրների հանդեպ: Մենք գնում ենք իրականությունը նկարահանելու` գիտակցելով, որ հնարավոր է՝ չվերադառնանք, իսկ իր նման քաղաքակական գործիչները ի՞նչ են անում այդ իրականության հետ», – ասաց վավերագիրը:
Ցվետանա Պասկալևայի խոսքով՝ ադրբեջանական հակաքարոզչությունն իր դեմ աշխատել է նաև Լեհաստանում: Այնտեղ ՀՀ դեսպանատան ու դեսպան Տիգրան Սեյրանյանի նախաձեռնությամբ կազմակերպված իր ֆիլմի ցուցադրությանը մասնակցում էին նաև 4 ադրբեջանցի ուսանողներ: «Իբրև թե ուսանողներ: Առաջին կադրերը ցուցադրվելուն պես նրան սկսեցին բարձրաձայն մեկնաբանություններ անել: Նրանց կտրուկ պատասխանեց իմ կողքին նստած Դանա Մազալովան: Նա այն չեխ լրագրողն է, ում հարցազրույցը Այազ Մութալիբովի հետ, ես` որպես վավերագիր, բարձր եմ գնահատում, քանի որ այնտեղ Մութալիբովը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը չէր լինի, եթե Ալիևների կլանն իրեն պաշտոնանկ անելու նպատակ չունենար», – ասաց Ցվետանա Պասկալևան:
Նա ընդգծեց նաև, որ այս ցուցադրությունը Չեխիայի խորհրդարանի կողմից Խոջալու մասին փաստաթուղթն ընդունելուց մեկ օր անց է տեղի ունեցել ու դրան ներկա էր նաև Չեխիայի խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամության խմբի նախագահը: Նրա հավասարակշիռ քաղաքականության մասին խոսքին պատասխանելով` Ցվետանա Պասկալևան պահանջել է նման փաստաթուղթ ընդունել նաև Սումգայիթի մասին:
Լրագրողի խոսքով՝ այս պատգամավորը պատմել է նաև, թե ինչպես է ընդունվել Խոջալուի մասին փաստաթուղթը` օրվա վերջում, հապշտապ քվեարկությամբ, առանց քննարկումների ու փաստերի մանրակրկիտ ուսումնասիրության:





