Իշխանությունները հին ձևով երկիրը կառավարել չեն կարող, հայտարարում է երկրի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը և նկատում, որ խորհրդարանը օրենսդրական առումով իմպոտենտ է: «Իշխանափոխության մասին պետք է մտածի Ազատիչը՝ իր շքախումբը նոր մարդկանցով համալրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Հակոբյանը:
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին, նա նշեց, որ ընտրական իրավունքը, որը մատուցել են, մեզ չի ապահովում հասարակության ֆիզիկական անվտանգությունը իշխանափոխության համար: «Եթե պատմական մատենագրի խոսքերով ներքևների և վերևների այս հակամարտությունը բնութագրենք, ապա ապագա սերունդներին կարող ենք ասել հետևյալը՝ Հանրապետականը խնդրեց դիրիժորական փայտիկը՝ ևս հինգ տարի հայ ժողովրդին կառավարելու համար և չէր սպասում, որ այդ երբեմնի ստրկաբարո ժողովուրդը կարող է իր նիզակը ճոճել»,- բացատրեց նա:
Մարքսիստական կուսակցության ղեկավարն ասաց, որ ինքը հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունը, սակայն նրան դժվար կլինի արագ հավաքել ցաքուցրիվ ուժերը: «Հնարավոր չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխություն անի: Առաջնահերթ գաղափարախոսության վարդապետություն է պետք: Այն, որ իշխանություններն իրենց սպառել են, անելիք չունեն, ես դա գիտեմ, բայց եկողն էլ չի գայթակղում իր վարդապետությամբ»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց որևէ քննարկման հրավեր չեն ուղարկել. «Իմ խորհուրդը բոլոր ուժերին՝ միաբանություն, և ՀԱԿ-ին, և Ծառուկյանին, և մյուսներին անհրաժեշտ է միաբանություն»:
Ըստ մարքսիստի` ինչքան էլ երկու կողմերը հաշտության ձեռք մեկնեն, դրանով չի վերանա սոցիալ-տնտեսական արհավիրքը: Անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու քննարկումներին, Դավիթ Հակոբյանն ասաց, որ դա հիմարություն է: «Կուսակցությունները պետք է վերագրանցել՝ ըստ գաղափարական հոսանքների, այսինքն՝ չորսից հինգ կուսակցություն պետք է լինի: Անհրաժեշտ է նաև համամասնական ընտրացուցակներով մեծամասնական ընտրակարգ ընդունել: Առայժմ ես այս ամենը որակում եմ որպես քաղաքական էրոտիկա»,- եզրափակեց Դավիթ Հակոբյանը:





