AM
5 Մարտ 2013 - 12:12 AMT

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 121 անհատ է պարգևատրվել

Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012թ արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2010 թվականից: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ իրականացվել է «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները: Մրցույթին մասնակցել է 144 սփյուռքահայ և Սփյուռքի հայկական կազմակերպություն, որից 121-ը արժանացել է մրցանակի:

Մրցանակակիրներին հանձնվեցին 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգի դիպլոմներ, դրամական և խրախուսական պարգևներ: Մրցույթից ստացած դրամական պարգևը Նիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու դպրոցը տրամադրեց սիրիահայ ուսանող Վանես Աղճոյի ուսման վարձավճարի փոխհատուցմանը, իսկ «Դոնի Նախիջևան» թերթի խմբագրությունը գումարը փոխանցեց Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցին: Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր 40-ից ավել սփյուռքահայ մրցանակակիր և նրանց ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին իրենց գործունեությունը բարձր գնահատելու համար: Նշվեց նաև, որ 2013թ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվելու են «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների, «Մայր իմ անուշ ու անգին» շարադրությունների, ինչպես նաև «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Մայրենիի պաշտպան», «Համայնքային կառույց» անվանակարգերում մրցույթներ: