Հոկտեմբերի 6-8-ը Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ-ռոթ» համատեղ սեմինարը: Սեմինարը կբացվի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքով, այնուհետեւ հանդես կգան Աժ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը եւ Մեծ Բրիտանիայի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ միջազգային հանրության դերը հակամարտության լուծման գործում» թեմայով քննարկմամբ կավարտվի աշխատանքային առաջին օրը: Հոկտեմբերի 7-ին կքննարկվեն «Հայաստանը եւ Հարավային Կովկասը. միջազգային տեսակետներ», «Պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հարավային Կովկասում», «Հայաստան. ներքին իրավիճակը» թեմաները: Հոկտեմբերի 8-ին կքննարկվեն «Տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում» եւ «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» թեմաները, որից հետո սեմինարը կավարտի իր աշխատանքը:





