AM
5 Հոկտեմբեր 2005 - 11:32 AMT

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է իր հույն գործընկերոջ հետ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` Հունաստանի պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսն ասաց. «Մենք ունենք հնարավորություն եւ, ամենակարեւորը, ցանկություն` խորացնելու այդ համագործակցությունը»: Նա իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղարարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Իր հերթին` Սերժ Սարգսյանը, բարձր գնահատելով խաղաղարար գործունեությանը հունական կողմի ցուցաբերած աջակցությունը, հույն գործընկերոջ խնդրանքով ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը: Հանդիպման ավարտին նախարարները մտքեր փոխանակեցին մոտակա տարիներին երկու երկրների զինված ուժերում բարեփոխումների իրականացման վերաբերյալ: