Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Երեւանում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Գ. Լենմարկերը ներկայացրեց հուլիսին ԵԱՀԿ ԽՎ Վաշինգտոնի տարեկան նստաշրջանի արդյունքները, որի ընթացքում լսվեց ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցչի զեկույցը: Վ.Օսկանյանը դրական գնահատեց զեկույցը` նշելով, որ այն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի իրատեսական պատկերը: Այնուհետեւ Վ. Օսկանյանը եւ Գ. Լենմարկերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի մասնակցությանը, կողմերը միակարծիք էին, որ Գործողությունների ծրագրի մշակումը նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում: Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչն անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարներին երկկողմ մակարդակով, ինչպես նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո:





