AM
5 Հոկտեմբեր 2005 - 13:44 AMT

Գորան Լենմարկերը համոզված է, որ Թուրքիան պետք է բացի հայակական սահմանը

Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Աժ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ վաշինգտոնյան նստաշրջանում Ղարաբաղի հարցով Գորան Լենմարկերի զեկույցը լուրջ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հասարկությունների մեջ եւ ակներեւ էր, որ զեկույցի խիզախ եւ ժամանակի փոփոխություններին համապատասխանող առաջարկությունները մի կողմից գրավիչ են, մյուս կողմից էլ առաջացնում են հավելյալ զգուշավորություն, ինչը կարելի է համարել բարձր գնահատական զեկույցի համար: «Մեր քարոզչական աշխատանքի արդյունքում զեկույցը բավականին դրական արձագանք է ունեցել Հայաստանի հասարակության մեջ: Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք չեն գիտակցում երկկողմանի զիջումների անհրաժեշտությունը: Ադրբեջանում դժվար է գտնել քաղաքական ուժեր, որոնք պատրաստակամ կլինի փոխադարձ, համարժեք զիջումների, թեեւ նման քաղաքական ուժի որոնումը հենց ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կարող է բերել իր արդյունքները»,- նշեց Վ.Հովհաննիսյանը: Նա բարձր գնահատեց Գորան Լենմարկերի նախաձեռնությամբ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ կայացած ուղիղ բանակցությունները, ինչպես նաեւ Վաշինգտոնում պատվիրակությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը կարծիք հայտնեցին, որ նման աշխատանքը շարունակություն պետք է ունենա: Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հիմք ընդունելով Գորան Լենմարկերի ուսումնասիրությունները` նրա գլխավորությամբ եւ հայկական ու ադրբեջանական կողմերի, ինչպես նաեւ հակամարտությանը լավատեղյակ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների մասնակցությամբ, ստեղծել ժամանակավոր աշխատանքային խումբ, որը կաշխատի համատեղ բանաձեւի վրա: «Փորձը ցույց է տվել , որ կոնֆլիկտային հարցերի շուրջ հակամարտության կողմերից մեկի կողմից բանաձեւի ներկայացումը նպատակահարմար չէ, ուստի հայակական կողմը բարոյական եւ քաղաքական նկատառումներից ելնելով ձեռնպահ է մնացել նման բանաձեւի առաջարկումից»,- նշել է հայ պատգամավորը: Նա առաջարկեց նաեւ Վիեննայի գագաթաժողովի նախօրեին երկու պատվիրակություների հետ քննարկել համատեղ բանաձեւ ստեղծելու մասին համաձայնության գալու հարցը, ինչը կարող է համարվել ԵՄ նոր հարեւանների կողմից առաջին համաձայնեցված քայլը:

Գորան Լենմարկերը գոհունակությամբ ընդունեց Վ.Հովհաննիսյանի առաջարկությունները, եւ նշեց, որ այս ոսկե հնարավորությունը պետք օգտագործվի խորհրդարանականների կողմից:Անդրադառնալով Թուրքիա- ԵՄ հարաբերություններին, Գորան Լենմարկերի գնահատմամբ Թուրքիա-ԵՄ բանակցությունները դրական կլինեն նաեւ Հայաստանի համար: Խոսելով Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման մասին, Գորան Լենմարկերը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան պետք է բացի սահմանները, քանի որ Եվրամիության գաղափարախոսությունը` բաց սահմաններն են: Կողմերը քննարկեցին նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: