Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության տարբեր ոլորտներում, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
Այսօր լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ հանդիպմանը կարևորել են հաճախակի փոխայցերը տարբեր մակարդակներում: «Վերջին երեք տարում միայն ԱԳ նախարարները հանդիպել են վեց անգամ: Կարևորեցինք Լիտվայի նախագահի երկու տարի առաջ կատարծ այցը: Պայմանավորվեցինք նախագահների մակարդակում նոր այցելություն կազմակերպելու շուրջ: Մենք նկատեցինք, որ բավական լավ համագործակցություն ունենք միջազգային պայմանագրերի շրջանակում»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել նաև ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղած ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ քայլերը:
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը կարևորեց Հայաստանի արձանագրած առաջընթացը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման հարցում: «Մենք ունենք համաձայնագրեր պաշտպանության, մշակույթի և մի քանի այլ ոլորտում, բայց մեզ համար առաջնային է Եվրամիության շրջանակներում համագործակցությունը, քանի որ Լիտվան այս տարվա երկրորդ կեսից ստանձնում է ԵՄ նախագահությունը: Կոչ ենք անում ընտրություններից հետո կոնսեսուսի գալ և ապահովել գործընթացի շարունակություն»,- ասաց Լիտվայի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատման կարևորությանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը ԼՂ հիմնախնդրի բանակցային կողմերին կոչ արեց պատասխանատու լինել և արդյունավետ քայլեր ձեռնարկել:





