2011թ. մինչև 2012թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքի Չռչռ կոչվող տարածքում Սարգյուլ Սիրեկանյանը իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների և նպաստել մարմնավաճառությամբ զբաղվելուն:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործով արդեն վճիռ է կայացվել:
Դատաքննության ընթացքում Ս. Սիրեկանյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր ճաշարանում ավելի քան 3 տարի ճաշարանում մատուցողուհի են աշխատում Գայանե Մովսեսյանը և Անժելա Ղազարյանը: Իրեն հայտնի էր, որ վերջիններս պարբերաբար մարմնավաճառությամբ են զբաղվում, և որ ինքը թույլ չի տվել, որ նրանք այդպիսի վարքագիծ դրսևորեն ճաշարանի տարածքում: Եղել են դեպքեր, երբ հաճախորդների թվաքանակից ելնելով կամ հաճախորդի խնդրանքով ինքը զանգահարել ու կանչել է հանգստի մեջ գտնվող մատուցողուհուն, սակայն դա չի արել հաճախորդի հետ ծանոթացնելու նպատակով: Չի բացառում, որ իր բացակայության ժամանակ Գայանեն կամ Անժելան կարող է մտերմացած լինեն հաճախորդ տղամարդկանց հետ, սակայն ինքը նման բան չի տեսել:
Մինչդեռ, նախաքննության ընթացքում նա իրեն մեղավոր է ճանաչել ու խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. մինչև 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց խնդրանքով, վերջիններիս հետ վարձավճարով սեռական հարաբերություն ունենալու համար զանգահարել և ճաշարան է հրավիրել մարմնավաճառությամբ զբաղվողներ Ալիսա Գրիգորյանին, Անժելա Ղազարյանին, Անժելա Մարգարյանին, Գայանե Մովսիսյանին, ծանոթացրել ճաշարանի հաճախորդ տղամարդկանց հետ այդպիսով նպաստել պոռնկությամբ զբաղվելուն:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն` Ս. Սիրեկանյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ սահմանվել է 4 տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Տավուշի բաժանմունքի կողմից:





