AM
11 Մարտ 2013 - 06:57 AMT

Հ.Թովմասյանը ՍԴ-ում որպես քաղաքացի է. Ա.Ղուկասյանը պահանջում է Սարգսյանին որպես վկա ներգրավել

Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործի քննությանը որպես երրորդ կողմ չներգրավվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանը մերժեց միջնորդությունը:

Անդրիաս Ղուկասյանն իր հերթին ներկայացավ միջնորդությամբ, որպեսզի Սերժ Սարգսյանը գործով վկա ներգրավվի: Անդրիաս Ղուկասյանը նաև նկատեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե որպես ՀՀ նախագահ է ներկայանում, այլ որպես երրորդ կողմ, այնինչ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով կառավարության անդամ է, ներկայացնում է Սերժ Սարգսյանին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ըստ օրենքի կողմերը կարող են ներկայացնել լիազոր ներկայացուցիչներ, ովքեր պետք է ունենան բարձրագույն իրավաբանական կրթություն: Նա տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանը որպես քաղաքացի է ներգրավված գործում: Նույնն է Դավիթ Հարությունյանի դեպքում:

Հրայր Թովմասյանը դատարանին հայտնեց, որ Սերժ Սարգսյանին է ներկայացնում որպես իրավաբան, չի ներկայացնում Արդարադատության նախարարությունը և այսօրվանից մինչև հինգշաբթի օրը գտնվում է արձակուրդի մեջ:

ՍԴ դատավոր Թոխյանի միջնորդությամբ ընդմիջում հայտարարվեց, դատարանը քննեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը, որը չբավարարվեց: