AM
11 Մարտ 2013 - 09:31 AMT

Դելֆիններին Երևանից տարել են Քաթար՝ վերականգնողական կենտրոն

Օրեր առաջ հայտնի դարձավլ, որ Երևանի առաջին և միակ դելֆինարիումը փակվում է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում դելֆինարիումի տնօրենը՝ Լիլիթ Սահակյանն ասաց, որ այն փակվում է, քանի որ ավարտվել է շահագործման ժամկետը և տեղեկացրեց, որ դելֆինները տեղափոխվել են Ուկրաինա: Բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր բոլորովին այլ բան է ասում: Ըստ նրա՝ կենդանիներն Ուկրանինայում չեն. «Մեր ուկրաինացի գործընկերները մեզ տեղեկացրին, որ անցած տարի դելֆիններին հետ են տարել Ուկրաինա ու բերել նորերը, իսկ այս նորերը երկար չեն դիմացել: Նրանք հիմա գտնվում են Քաթարում՝ ռեաբիլիտացիայի կենտրոնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանը:

«Որպեսզի դելֆինները կարողանան ապրել, նրանց անհրաժեշտ է ծովի ջուր, բայց այստեղ սովորական խմելու ջուր էին լցնում լողավազանում ու հավելումներ ավելացնում: ԱՄՆ-ի գիտնականներից պարզեցինք, որ դա բավարար չէ դելֆինների համար և անհրաժեշտ է ծովի ջուր: Մեզ մոտ չկար նույնիսկ մաքրիչ կայան»,- ասաց Սիլվա Ադամյանն ու ավելացրեց, որ դեռ շահագործման առաջին օրերին ամերիկացի գիտնականները տեղեկացրել էին, որ կենդանիները նման պայմաններում կարող են դիմանալ առավելագույնը երկու տարի:

Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ դելֆինները ՀՀ սեփականությունն են, բայց չկա որևէ փաստաթուղթ, որով դրանք դուրս են բերվել երկրից: