AM
11 Մարտ 2013 - 10:03 AMT

ԿԸՀ նախագահը՝ ՍԴ-ում. Պետք է բերել փաստարկված ապացույցներ, ոչ թե առաջնորդվել սեփական կարծիքով

Հայցվոր կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնք փաստարկված չեն: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Ր.Հովհաննիսյանի դիմումին:

ՍԴ-ում այս պահին ընդմիջում է, դատարանը քննում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Գործով պատասխանող կողմն է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն այսօր ասում են, որ ընտրական գործընթացի ընթացքում եղել են այնպիսի խախտումներ, որոնք անգամ ոտնահարում էին վստահված անձանց իրավունքները: Այդ դեպքում ինչու՞ դրանց վերաբերյալ համապատասխան մարմիններ դիմում չի ներկայացվել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նկատեց, որ եթե կողմը գալիս է դատարան, ապա դատարան պետք է բերի փաստարկված ապացույցներ և ոչ թե սեփական կարծիքներով առաջնորդվի:

Անդրադառնալով ՍԴ ներկայացրած Անդրիաս Ղուկասյանի դիմումին՝ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դրանով նախկին թեկնածուն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սակայն դատարանը դրա հետ մեկտեղ այլ որոշում պետք է կայացնի, օրինակ, երկրորդ փուլ նշանակեի: Դրա մասին խոսք չկա դիմումում, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ պահանջը պետք է հստակեցվի:

Անդրիաս Ղուկուսյանի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանին գործով որպես վկա դատարան հրավիրելու մասին, Տիգրան Մուկուչյանը չմեկնաբանեց, և ասաց, որ իրենց կարծիքը կհայտնեն միջնորդություններ ներկայացնելու ժամանակ: