Վերջին տարիներին Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ լրջագույն առաջընթաց է գրանցել և դա ևս մեկ անգամ ապացուցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակության այցը: Կարծիքն ԱԺ ՀՀԿ խմբակցությայն անդամ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ ամփոփել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակության` մարտի 5-7-ը Հայաստան կատարած պաշտոնական այդ այցի արդյունքները: Նա ընդգծել է այցի կարևորությունը 2 գործոնով:
1-ին`այցը տարածաշրջանային չէր և սահմանափակվում էր Հայաստան այցելությամբ: «Դա, իմ կարծիքով, բավական կարևորում է մեր երկիրը»,- նշել է Արտակ Դավթյանը: Նրա խոսքով Գերմանիան ԵՄ տնտեսապես ամենահզոր երկիրն է և ծանրակշիռ դեր ունի ԵՄ կարևորագույն որոշումների ընդունման գործընթացում:
2-րդ գործոնը, ըստ Արտակ Դավթյանի այն է, որ այցը հաջորդում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիա կատարած այցին: «ԳԴՀ երկրորդ դեմքի այցը Հայաստան կարևոր էր այն առումով, որ Գերմանիան բավական արժևորում է Հայաստանի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում»,- ասել է Արտակ Դավթյանը:





