AM
11 Մարտ 2013 - 11:09 AMT

Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆը նախագծած մասնագետը կաշխատի այն վերագործարկել

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու արձագանքման միջոցառումների մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ պատրաստ են քաղպաշտպանության պլաններով նախատեսված միջոցառումների ծրագրերը։

Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Երևան ժամանած փորձագետները սեմինար կանցկացնեն ԱԻՆ երկրատեղեկատվական համակարգերով զբաղվող մասնագետների հետ, իսկ հայ-շվեյցարական «Արձագանք» ծրագրով կկազմակերպվի հրահանգիչների վերապատրաստման դասընթաց Սյունիքի մարզում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ բանակցություններ են տարվում հանրապետության սողանքային գոտիների վրա ցուցիչներ տեղադրելու ուղղությամբ, որոնք կօգնեն տեղյակ լինել սողանքի ակտիվացման երևույթներին։

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ իրենց հաջողվել է ՌԴ Երկրի ֆիզիկայի ինստիտուտից գտնել այն մասնագետին, որը նախագծել և տեղադրել է Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆը։ Գործակալության պետը կապ է հաստատել նշված գիտնականի հետ և վերջինս խոստացել է ամենայն աջակցություն ցույց տալ հազվագյուտ սարքի գործարկման հարցում։ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հովսեփյանը զեկուցել է, որ միջոցառումներ են իրականացվում հակակարկտային կայանները ձմեռային հանգստից հետո աշխատանքային ռեժիմի բերելու և գարնանային սեզոնին պատրաստելու համար։

Այս շաբաթվանից սկսած ևս 4 սայլակավոր հաշմանդամ է աշխատանքային փորձաշրջան անցնելու ԱԻ նախարարությունում։